Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը ընտանիք կազմելն է, երբ գիտակցում ես, որ պատրաստ ես պատասխանատվություն կրել ինքդ քո և նրա հանդեպ, ում սիրում ես:Բայց երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ ստիպում են զույգին ամուսնալուծվել.
«Քրիստոնեական դատաստանագրքերում, կանոնագրքերում, իրավական կոդեքսներում կան հանգամանքներ, որոնց դեպքում թույլատրվում են ամուսնալուծություններ:
Օրինակ` դավաճանությունը, կողակցի անհետ կորելը, մահը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Այն, ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի (Մատ. ԺԹ.6):
Խոսելով այն մասին, որ մարդը չպիտի բաժանի այն, ինչն Աստված միավորել է, Հիսուսն ինքը միաժամանակ մի բացառություն է անում՝ նշելով. եթե դա ամուսնական անհավատարմության, պոռնկության պատճառով չէ.
«Աստծուց դրված չի, որ որևէ մեկը թողնի իր կնոջը և գնա այլ կնոջ հետևից կամ հակառակը. ամուսնալուծությունը մարդահորինված կարգ է:Երկրորդ պսակ կատարում ենք միայն երկու դեպքում՝ մահվան և անհավատարմության:Հոգևոր տեսանկյունից կտրականապես մերժվում է երրորդ պսակի արարողությունը: Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել»:
Չնայած Հայ Առաքելական եկեղեցին ամուսնալուծություն թույլատրելու հարցում խստապահանջ է և ունի իր դիրքորոշումը, այնուամենայնիվ, այն շատ ընթացիկ իրողություն է դարձել մեր օրերում: