«Ի՞նչ է նշանակում՝ Ալի՛և, ասա՛՝ մեր սահմանները որտե՞ղ են, Ալիևն ասում է՝ անգամ Կոնդն է իրենը»․ Անահիտ Մարտիրոսյան

Պատերազմի մասնակիցները՝ կին թե տղամարդ, Հայաստանում անտեսված են։ Կան շատ լավ տղաներ՝ հայի տեսակը կրող անձինք, բայց կան նաև անարժաններ, որոնք սահման էլ չեն հասնում։ Ես չէի պատկերացնում, որ կարող է լինել հայի այն տեսակը, որը մենք տեսանք 44-օրյա պատերազմում։ Ինչքան աղբ կա, դուրս է եկել ասպարեզ և ճչում է, թե հայ է։ Մեր նախնիները մեզ պատգամներ են թողել, մենք ուրիշ ազգ ենք՝ մաքուր, ճիշտ, հայրենասեր, մեր լեզուն ու հողը գնահատել գիտենք։ Երբ Լեոնիդ Ազգալդյանին հարցրել են, թե ի՞նչ գույն ունի՝ նկատի ունենալով, թե ո՞ր կուսակցությանն է պատկանում, նա պատասխանել է, որ մենք մեր հողի գույնն ունենք։ Թուրքերը չեն վայելելու մեր հողը։ Ադրբեջանում այսօր շատ ավելի վատ զարգացումներ են, քան մեզ մոտ։ Թշնամին փորձ արեց Ջերմուկը ձեռք գցել, բայց արդյունքում ավելի քան հազար զոհ ունեցավ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։

«Մեր զոհերը մեզ համար շատ թանկ են ու ցավալի, անգամ մեկ զոհը, իսկ մենք երկու օրում ավելի քան 200 զոհ ունեցանք։ Անվերջ հնչում են «դուխով», «հպարտ» և այլ խոսքեր, բայց այս երկու տարում ի՞նչ փոփոխություն է եղել։ Մենք միայն ելույթներ ենք լսում նախկինների մասին, բավական է։ Նախկինների ժամանակ հպարտ ման էինք գալիս, մեզ պես կռված մարդկանց մարդատեղ էին դնում, հարգել գիտեին, սրանք դա էլ չգիտեն։ Տղամարդը պետք է ծառայի, իսկ նա, ով չի հագել զինվորական համազգեստը, չի կարող իմանալ՝ ինչ է կատարվում առաջնագծում։ Միայն Եռաբլուրի միջադեպի համար արժե վիրավորել սրանց։ Այնտեղ լուսանկարվելը սրանց համար փառասիրության մի ձև է, դա պետք է ի կատար ածեն, և չեն էլ նայում՝ ինչպե՞ս, ի՞նչ գնով։ Սրանք հատել են բոլոր կարմիր գծերը, և դա ոչ վերջերս։ Ասում են՝ իբր Քոչարյանը կամ այլ մեկն այսքան ունեցվածք ունի։ Բա դո՞ւք այս ընթացքում որքան եք կուտակել, այնքան, որ մարդիկ տասը տարում չեն ունեցել։ Մենք այսօր մեռած ենք, թաղած չենք»,- ասաց ռազմական գործիչը։

«Ընկերուհիս՝ Սուսաննա Մարգարյանը, հերոսաբար զոհվեց Ջերմուկում, նա պայքարող տեսակ էր, պարզ ու սիրով լի իր հայրենիքի ու ընկերների հանդեպ։ Կռվից հետո պիտի հավաքվեինք իմ տանը, ընդունված է, որ մարտական ընկերներով միշտ մեր տանն ենք հավաքվում։ Կոմանդոսը և շատերն էին սիրում մեր տանը հավաքվել, պատերազմի ժամանակ այն վերածվում է շտաբի։ Ցավոք, Կոմանդոսի մահից հետո չենք հավաքվել։ Մեր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ դադարեցինք հարգել մեր նահատակներին, զոհվածների ընտանիքներին, պատերազմի հաշմանդամներին։ Մինչդեռ սրանք մեր թոշակին 1900 դրամ են ավելացնում և դա ներկայացնում՝ իբրև մեծ բան։ Ասում է՝ բոլոր դիրքերն ու բարձունքները տանք, Շուշին դժբախտ ու դժգույն է, բայց ապագա կա։ Ի՞նչ ապագա։ Եթե դու չես կարող մի ծառայություն մատուցել լիարժեք ու ճիշտ, և եթե ինքդ քեզ հարգում ես, պիտի դուրս գաս, փոխարենը զբաղվես այն գործով, որը կարող ես անել։ Մեր դժբախտությունը հենց դա է, որ ոչ ոք իր տեղում չէ»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը։

Ազատամարտիկի պնդմամբ՝ 1991-ից առաջնագծում գտնված, երկրորդ կարգի ցմահ հաշմանդամ, վեց ամիս շարունակ կուրացած, բազմաթիվ վիրահատություններ տարած լինելով՝ իր կենսաթոշակն ընդամենը 87 հազար դրամ է․ «Որքան սրանք չհարգեն մեզ, այնքան Աստծուց ոչինչ չեն ստանա, թեև Աստծուն էլ չեն հավատում։ Հայը պետք է ապրի՝ եկեղեցին հոգում։ Մեր նախնիները, հոգևորականները նաև մարտնչել են, եղել են ժողովրդի կողքին։ Պարգև Սրբազանը, Տեր Հովհաննեսը զենքը ձեռքին կռվում էին, իրենց պես շատ-շատերը։ Հիմա սրանք ի՞նչ են անում՝ հայերին պառակտել են սև-սպիտակի, ընդ որում՝ լավ ծրագրել են այս ամենը։ Այսօր ես իմ ժողովրդին չեմ ճանաչում, ոմանք ասում են՝ «թող ղարաբաղցին մտածի»։ Ի՞նչ է՝ մինչև աղետը քո տուն չմտնի, դա քո խնդիրը չէ՞։ Շատերը չեն հասկանում խնդրի մասշտաբը, որովհետև դեռ իրենց տները չի մտել։ Չի կարելի այդպես, զոհված երեխաները բոլորինս են։ Երեք սերունդ կոտորեցին, զիջեցին և՛ դիրքերը, և՛ հողերը։ Ի՞նչ է նշանակում՝ Ալի՛և, ասա՛՝ մեր սահմանները որտե՞ղ են»:

«Ալիևն ասում է՝ Կոնդն իրենն է։ Եթե Քարվաճառը չտային, թշնամին չէր կարող Ջերմուկ հասնել։ Սրանք թշնամուն գնալով մոտեցնում են մեզ։ Մինչդեռ նախկինում Բերձորը, Շուշին ու Հադրութը չէին հանձնվելու, Քարվաճառը կարող էին չտալ։ Արցախը Հայաստանին կապող երկու ճանապարհները կարող էին դիվանագիտորեն պահել և չտալ։ Լուսահոգի Սուսաննան ամեն անգամ ասում էր՝ ումի՞ց ենք վախենում, սրանք դարձյալ մեր հողերը պիտի լինեն։ Միշտ մտածել եմ, որ Լենինն ու Ստալինը ժամանակին հանձնեցին մեր հողերը, քանի որ բանակցում էին թուրքերի հետ։ Այսօր էլ ռուսները բազմաթիվ զոհեր ունեն Ուկրաինայում։ Մարդիկ պետք է խելք հավաքեն, սթափվեն և ագրեսորին հեռու մղեն։ 44-օրյա պատերազմի օրերին գոնե մի անգամ Հայաստանի անունը չտրվեց դրսում, իսկ Հայաստանի սահմանները գրոհելուց և Ջերմուկի հրետակոծումից հետո CNN-ն ամեն օր պնդում է, որ Ադրբեջանը և Թուրքիան ագրեսոր են՝ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այն, ինչ թուրքերն արել են մեր աղջիկների հետ, Աստված իրենց հետ է անելու»,- ամփոփեց Անահիտ Մարտիրոսյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика