«Մենք հայերեն էինք ճվճվում, ռեստորանի մատուցողները՝ չինարեն». Ահա թե ինչ է լինում, երբ հայկական թթի օղին խմում են Հոնգ Կոնգում…

Հեռավոր Հոնգ Կոնգում էինք, մի խումբ կանանցով, Մարտի 8-ն էինք նշում ռեստորանում։ Կանանցից մեկը հետը թթի օղի էր բերել, կլիներ 65*, էդ ռեստորանի մենեջերին խնդրեցի օղու բաժակներ բերեն, էդ տնաշեններն էլ մատնոցի չափ փոքրիկ բաժակներ բերեցին։

Առաջին բաժակը ինչպես միշտ բարով տեսանք, երկրորդը մենք մեր տոնը շնորհավորեցինք, մեկ էլ տեսնեմ մենեջերը քիչ այն կողմ կանգնած ուշի ուշով հետևում է մեզ, թե ինչպես ենք օղի խմում։ Քանի որ միշտ նույն ռեստորանում էինք ճաշում, արդեն մտերմացել էինք։

Ես նրան հրավիրեցի մեզ հետ նստելու և մի բաժակ օղիով մեզ շնորհավորելու։ Խեղճ մարդը երևի հետաքրքրությունից դրդված համաձայնվեց և մի բաժակ կուլ տվեց մեզ հետ միասին։

Այդ տեսանք, մեկ էլ խեղճ մարդը վիզը կտրած հավի նման ընկավ հատակին և սկսեց թպրտալ։ Մենք վեր թռանք տեղներիցս և ով ինչ կարող էր արեց, որ փրկենք նրան։

Մենք հայերեն էինք ճվճվում, ռեստորանի մատուցողները՝ չինարեն, մի աներևակայելի ծկլթոց ու շիվան ենք կապել, որ ամբողջ ռեստորանի հաճախորդները թափվել են մեր գլխին։ Ես բարձր գոռում եմ ջու՜ր բերեք, ջուր բերեք, վերջապես բերեցին այդ փրկարար ջուրը։ Մի կերպ գլուխը թեքելով խմացրի, աչքերը բացեց և սկսեց շնչել։

Նստեցրինք աթոռին և ամբողջ խմբով մի ծիծաղ է բռնել, մի ծիծաղ, խեղդվում ենք ծիծաղից։ Շուրջ բոլորը ապշած մեզ էին նայում։ Վերջապես, որպեսզի չմտածեն, թե թույն ենք տվել, ես նորից լցրեցի մեր բաժակները, առաջարկեցի խմել այդ մարդու կենացը, որ մահից փրկվեց։

Բոլորը իրենց ցուցամատը դրեցին քունքին և հայտնի շարժումով հասկացրին, որ մենք ամենապակասը խելագար ենք ու հեռացան։

Դե մենք էլ դատարկեցինք կես լիտրանոց շիշը ու երջանիկ գնացինք հյուրանոց քնելու։ Տատս ասում էր Աստված ջան անփորձին մի սովորեցրու, փորձվածից մի կտրի։

Գրետա Սահակյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика