«Չի բացառվում՝ Ադրբեջանը որոշակի խնդիրներ կփորձի լուծել Տավուշի ուղղությամբ, նոր ինչ-որ գործողություններ անել նախիջևանյան թևում». Վիտալի Մանգասարյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել էր.

«Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով»։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հատուկ քննարկումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, տեղի է ունեցել Հայաստանի դիմումի հիման վրա:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, պետք է ելնել այն կանխավարկածից, որ Ադրբեջանը փորձելու է մեզ հանկարծակիի բերել և հանկարծակիության պահն աշխատացնել հնարավորինս արդյունավետ:

«Իհարկե, Իրանի գործոնը հաշվի առնելով, դա չի աշխատի: Երկրորդ՝ նախիջևանյան ուղղությունը վերջին գործողությունների ֆոնին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ըստ այդմ՝ եթե հակառակորդը փորձի մոտ օրերս նոր հարված նախաձեռնել, չի բացառվում, որ ընտրի Տավուշի ուղղությունը՝ անկախ նրանից, որ Տավուշի հատվածում մեր դիրքերը բավականին բարենպաստ վիճակում են, որով կփորձեն լուծել մեր ուժերի վերախմբավորման, տարբեր տեղերից աջակցող ուժերի հարցը, և նոր միայն ինչ-որ գործողություններ կսկսեն նախիջևանյան թևում:

Ստացվում է, որ հայ-ադրբեջանական սահմանագծի գրեթե ամբողջ ճակատով կամ երկայնքով ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է: Դրա մասին են հուշում տարբեր երկրների դեսպանատների, Իրանից հնչող հայտարարությունները, կուտակումների, թշնամու շարժերի մասին ստացվող տարբեր տեղեկությունները: Կրկնում եմ՝ վերևում նշված գործոնները հաշվի առնելով, հնարավոր է՝ Տավուշի ուղղությամբ հարված նախաձեռնի՝ խնդիր դնելով վերահսկել կոմունիկացիաները: Չմոռանանք, որ այնտեղով անցնում է մեր մյուս ռազմավարական ճանապարհը, որի վրա փորձելու են մեծացնել վերահսկողությունը՝ նույն տրամաբանությամբ, ինչն արեցին Սյունիքի դեպքում»,- նշեց Մանգասարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների, ինչը չի արվում, բացի այն, որ նոր-նոր սկսել են մաքրել ապաստարանները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика