Երեկո էր:
Սենյակի մի անկյունում նստած էր նա`միջահասակ, սև մազերով, թխադեմ, խոշոր աչքերով տասնհինգամյա Լիլիթը:Սենյակում տիրում էր կատարյալ լռություն: Լիլիթը նայում էր մի կետի և կամաց լաց էր լինում: Մենակ էր….
Հյուրասենյակից լսվում էին ծիծաղի ձայներ, իսկ աղջիկը դրանց ուշադրություն չէր դարձնում: Ինչո՞ւ էր լալիս, ի՞նչն էր նրան ստիպում արտասվել:
Հանկարծ լսվեց հեռախոսի զանգը:
-Ալո՜:
-Բարև ձեզ, Ժաննա՛ քույրիկ:
-Բարև, Մերի՛ ջան:
-Մի րոպեով կփոխանցե՞ք Լիլիթին:
-Հիմա…Լիլի՛թ,արի՛ հեռախոսի մոտ. Մերին է:
Աչքերն արագ սրբելով, ժպիտը դեմքին` մոտեցավ հեռախոսի մոտ:
-Հա, Մերի ասա:
-Կիջնե՞ս, զբոսնենք:
-Ո՛չ, կներես.տրամադրություն չունեմ:
-Լավ:
-Մի րոպե, Մերի՛, կարո՞ղ ես գալ մեր տուն:
-Լավ կգամ:
Հեռախոսը ցած դրեց և նորից գնաց իր սենյակ:
Ամառ էր: Դրսում արևն այրում էր: Լսվում էր փոքրիկ երեխաների աղմուկը:Լիլիթը մոտեցավ պատուհանին: Նա տեսավ մի փոքրիկ աղջկա, որը անհոգ խաղում էր իր ընկերների հետ: Դեմքին մանկական ժպիտ, երջանիկ հայացք ուներ: Լիլիթը մի պահ մտածեց. «Երանի՜ նրան:Որքա՜ն կցանկանայի նորից մանկանալ»:
Լսվեց դռան թակոց:
-Մերին է,- ասաց նա և դուրս գալով պատշգամբից` գնաց ու բսցեց դուռը:
-Եկա՞ր:
-Ինչու՞ ես կանչել: Ի՞նչ է եղել:
-Գնանք ինձ մոտ` կասեմ:
Մերին Լիլիթի ամենամտերիմ ընկերուհին էր: Սովորում էին նույն դասարանում և վստահում` իրար ամեն ինչում:
-Դե, պատմի՛ր` տեսնեմ,- ասաց Մերին անհամբերությամբ:
-Մերի՛, ես էլ չեմ կարողանում:
-Ի՞նչ է եղել:
-Չգիտեմ:
-Պարզ է…
Մի քանի օր առաջ, երբ սովորականի նման Մերին ու Լիլիթը նստած էին բակի նստարանին, մի տղա մոտեցավ նրանց:
-Բա՛րև ձեզ:
Բարձրահասակ, ժպտերես երիտասարդը սիրահարվել էր Լիլիթին,ս ակայն երբեք չէր համարձակվել խոստովանել:
-Բարև,- ասաց Մերին` քաղաքավարությունից ելնելով:
-Կարո՞ղ ենք խոսել:
Մերին ուԼիլիթը զարմացած իրար նայեցին:
-Ես քեզ հետ եմ, Լիլի՛թ,- փորձելով շտկել իրավիճակն` ասաց տղան:
-Ո՛չ:
-Խնդրում եմ, քեզ պետք է բան ասեմ:
-Ո՛չ,- ևս մեկ անգամ և ավելի բարձր ձայնով ասաց Լիլիթը:
Գնաց:
Հանկարծ հայտնվեց Ռուզանը և ասաց, որ տղան իր դասարանից է, և իր կարծելով սիրահարված է Լիլիթին:
Հաջորդ օրը, երբ Մերին և Լիլիթը քայլում էին փողոցով, հայտնվեց տղան և կանչեց Մերիին:
-Ես սիրում եմ քո ընկերուհուն:
-Իսկ իմ ընկերուհին քեզ հավատու՞մ է:
-Բայց իրոք ես սիրում եմ,- շփոթված ասաց նա:
-Ես չեմ կարող oգնել,- ասաց Մերին և միացավ Լիլիթին:
-Ի՞նչ էր ասում,- հարցրեց նա:
-Ասաց, որ սիրում է:
-Սու՛տ է:
-Իսկ եթե ո՞չ:
-Չէ՛, չեմ հավատում:
Եվ այսպես ամեն օր:
Հենց սա էր պատճառը, որ Լիլիթը որոշել էր իրեն «տնային կալանքի» ենթարկել:
-Շատ լավ է, ապրես: Նրա պատճառով քեզ զրկի՛ր ամեն ինչից` հացից, ջրից, տեսնեմ` ինչի կհասնես,- ձայնը բարձրացնելով` ասաց Մերին:
-Բայց…
-Ոչ մի բայց: Ի՞նչ ես անում, վերջացրո՛ւ: Հագնվի՛ր, դուրս ենք գալիս:
Լիլիթը ոչինչ անել չէր կարող: Հագնվեց և դուրս եկան:
Այդ օրը աղջկա դարձավ ամենակարևորն ու ճակատագրականը: Լիլիթը դարձավ Արթուրի ընկերուհին:
Երջանի՞կ էր: Բոլորին թվում էր` այո: Բայց…ո՛չ, Լիլիթը ամեն երեկո լաց էր լինում, ատում էր ինքն իրեն, որովհետև չէր սիրում, գիտեր, որ սխալ էր արել:Բայց վերջ: Ոչինչ չի կարող փոխել:
Երբեք Մերին չէր հավատացել Լիլիթի երջանկությանը: Զգում էր, որ ամեն ինչ այնպես չէր, ինչպես թվում էր:
Օգոստոսյան զով երեկո էր:
Լիլիթը և Արթուրը քայլում էին փողոցով:
Աղջիկը երջանիկ էր:
-Դու գիտե՞ս` ես քեզ ինչքան շատ եմ սիրում,- կրկնում էր ամեն վայրկյան Արթուրը:
-Շուտով ծննդյանս օրն է,- ասաց Լիլիթը` խուսափելով պատասխանից:
-Իսկապե՞ս, ինչ լավ է, ես այդ օրն իմ առաջին աշխատավարձն եմ ստանալու:
-Եվ ի՞նչ:
-Դե, տեսնենք:
Երեկոյան Լիլիթը մտավ տուն շատ ուրախ:
-Ինչ- որ բա՞ն է պատահել, որ այսքան երջանիկ ես,- հարցրեց մայրը:-Իսկ դա լավ չէ՞:
-Լավ է, լավ է:
Լիլիթը մտավ իր սենյակ, թուղթ ու գրիչ վերցրեց և գրեց սրտի խոսքը. «Մինչ այսօր ես կարծում էի, որ իմ կյանքը անիմաստ է, որ ապրում եմ ոչնչի համար, աննպատակ: Բայց ես գտել եմ իմ կյանքի լույսին ու իմաստին:Ու ես հիմա երջանիկ եմ…»:
Թուղթը ծալեց և դրեց մի արկղիկի մեջ, հետո սենյակից դուրս եկավ:
-Դու այստե՞ղ ես,- հարցրեց եղբայրը` Վահեն:
-Իսկ ու՞ր պետք է լինեի,- պատասխանեց Լիլիթը:
-Դե, դու այս ժամին սենյակիցդ դուրս չես գալիս:
-Այսօր բացառություն եմ արել: Մա՛մ ծնունդս որտե՞ղ ենք նշելու:
-Տատիկենց տանը:
-Բայց ինչու՞,-անհանգստացավ Լիլիթը` հիշելով Արթուրի խոսքերը:
-Տատիկդ է խնդրել:
-Դե ես ընկերուհիներիս վաղը չէ մյուս օրը կկանչեմ:
-Ինչպես կուզես:
Հաջորդ օրի Լիլիթը Մերիին ու Տաթևին հրավիրեց իր ծննդյան տարեդարձին:
Այդ օրը Լիլիթը շատ երջանիկ էր: Աշխարհում նրա համար տիրում էր միայն բարին: Նա նույնիսկ արդեն մոռացել էր, որ որոշ ժամանակ առաջ իր կյանքը համարում էր անիմաստ և այս ամենի համար պարտական էր Արթուրին:
Երեկոյան նա և Արթուրը մի լավ զբոսնեցին: Լիլիթի համար աշխարհում ամեն ինչ կանգ էր առել: Նա միայն մտածում էր նրա մասին:
Ի՞նչ էր զգում: Հարգա՞նք, կապվածությու՞ն, թե՞ ավելի վատ` սեր:Այս հարցն էր տանջում Լիլիթին:
Երեկոյան, երբ պառկեց քնելու, աչքերը փակեց և Աստծուն խնդրեց.
-Ես ուզում եմ գոնե մեկ անգամ ուրախ լինել իմ ծննդյան օրը:
Ցանկանում էր, որովհետև երբեք ուրախ չի եղել: Բայց սրտի խորքում հույս ուներ, որ լավ կանցնի, քանի որ նա գտել էր իր կեսին:
Բայց…
Առավոտ էր, ամառային սովորական առավոտ: Սակայն այս առավոտը տարբերվում էր մնացածից Լիլիթի համար: Այսօր կյանքի ամենաերջանիկ ու ամենատխուր օրն է:
Բարձր տրամադրությամբ արթնանալով` որոշեց պատրաստվել ծննդյան տարեդարձին: Ընկերուհիները կգան ժամը 15:00-ին: Մինչ այդ Լիլիթը պատրաստեց իր ամենագեղեցիկ զգեստը:
Ընկերուհիները եկան: Լիլիթը շատ երջանիկ էր: Նա անհամբեր սպասում էր նաև Արթուրին, քանի որ նա գիտեր, որ այսօր չէ Լիլիթի ծննդյան տարեդարձը, որոշել էր նվերը տալ հաջորդ օրը:
Ընկերուհիներին հրաժեշտ տալով, մանկական անմեղ սիրով կապված զույգերը գնացին զբոսնելու:
-Ես քեզ հրավիրում եմ սրճարան,- ասաց Արթուրը` համոզված լինելով, որ մերժում չի ստանա:
-Ես համաձայն եմ,- հնչեց բաղձալի պատասխանը:
Նրանք քայլում էին փողոցով` զրուցելով տարբեր թեմաներից:
-Իսկ դու ե՞րբ ես բանակ գնալու,- հարցրեց Լիլիթը:
-Դեռ շատ կա:
-Իսկ ավելի ստու՞յգ:
-Համենայնդեպս, այս նոր տարին միասին կդիմավորենք:
Հասան սրճարան:Նստեցին ու շարունակեցին իրենց զրույցը, որն ընդհատեց Արթուրի դասընկերը.
-Բա՛րև ձեզ:
-Բա՛րև,- ասաց Արթուրը` միաժամանակ ծանոթացնելով Երվանդին Լիլիթի հետ: Իմանալով որ աղջկա ծնունդն է, Երվանդը շնորհավորեց.
-Շնորհավորում եմ, Լիլի՛թ ջան:
-Շնորհակալություն,- պատասխանեց Լիլիթը:
Հանկարծ հնչում է Արթուրի հեռախոսի զանգը:
-Ալո:
-Արթու՛ր, Մերին է, որտե՞ղ եք:
-Սրճարանում:
– Լիլիթին ասա՛, որ մայրն իրեն էր կանչում:
-Լավ:
Հեռախոսը դնելով գրպանը` Արթուրն ասաց.
-Գնա՞նք:
-Գնանք,- թախծոտ ձայնով ասաց նա:
Դուրս եկան: Այգում տիրում էր իրարանցում:
Հանկարծ Լիլիթը տեսավ իր եղբոր ընկերոջը, որը այդ պահին նրան չէր նկատել: Ի՞նչ անել: Այս հարցը Լիլիթին չտանջեց: Նա ընտրեց իր երջանկությունը: Սակայն…
Այգուց դուրս գալիս Լիլիթը հանկարծ հետ շրջվեց և տեսավ Ռուբենին` եղբոր ընկերոջը:
– Եղբորս ընկերը,- վախեցած ասաց նա:
-Որտե՞ղ է,- գլուխը այս ու այն կողմ անելով հարցրեց Արթուրը:
-Այնտեղ է,մեզ է հետևում: Տե՜ր Աստված, եղբայրս արդեն գիտի:
Այգուց դուրս գալուց նրանք հանդիպեցին Լիլիթի ընկերուհիներին:
-Մերի՛, Ռուբենը մեր հետևից է գալիս, տեսել է մեզ,- տագնապահար հայտնեց լուրը:
-Ի՞նչ ենք անելու հիմա:
-Հանգստացիր, Լիլի՛թ ջան, ես քեզ հետ եմ` ինչ էլ լինի,- ասաց Արթուրը:
-Եկեք գնանք մեր նստարանների մոտ,- առաջարկեց Տաթևը:
-Ճիշտ է,- համաձայնեց Մերին:
Գնացին: Մերիի տուն գնալու ժամանակն էր: Հրաժեշտ տալով` նա գնաց տուն: Ճանապարհին Մերրին զանգեց Վահեն.
-Մերի՛, կփոխանցե՞ս Լիլիթին,- ասաց նա:
-Ես տուն եմ գնում, Վահե՛, իր հետ չեմ:
-Իսկ ինքը որտե՞ղ է:
-Ընկերուհիների հետ,- արագ պատասխանեց Մերին:
-Մենա՞կ:
-Այո՛:
-Դե, զանգի՛ր Տաթևին ու ասա թող գնա տուն:
-Լավ:
«Հաստատ իմացել է»,- մտածեց Մերին և զանգեց Արթուրին:
-Ալո,Արթու՛ր, կտա՞ս Լիլիթին:
-Ասա՛, Մերի՛:
-Վահեն էր զանգել աշխատավայրից, ասաց, որ տուն գնաս:
-Վահե՞ն:
-Այո՛, գնա՛ տուն,- ասաց Մերին,- վաղը կխոսենք:
-Լավ:
-Ի՞նչ է եղել,- հարցրեց Արթուրը:
-Վահեն իմացել է: Ի՞նչ եմ անելու,- լացակումած աչքերով ասաց նա:
-Ես քեզ հետ եմ հանգստացիր: Ու էլ լաց չլինես:
Ընտանիքի անդամները սպասում էին Լիլիթին: Մայրը, հայրը և քույրը: Երբ մտավ ներս, ոչ ոք ոչինչ չասաց: Միայն մայրը խնդրեց զանգահարել Վահեին:
Մտավ սենյակ և զանգահարեց եղբորը:
-Ու՞ր էիր:
-Տաթևենց հետ էի;
-Մենակ նրա՞նց: Ու՞մ հետ ես եղել այգում,- բարձր տոնով հարցրեց Վահեն:
-Արթուրի:
-Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես անում: Չե՞ս հասկանում, որ սխալ ես եղել:
-Հասկանում եմ,- ասում էր Լիլիթը:
Ասում էր ու արտասվում, բայց անգամ չէր էլ լսում, թե ինչ է եղբայրը ասում,ուղղակի խոսքեր,որոնք ասելիս Լիլիթը մտածում էր էլի նրա մասին, քանի որ գիտակցում էր, որ եղբայրը, երբ վերադառնա աշխատանքից, հաստատ ինչ- որ բան կձեռնարկի:Վախենում էր, որ Արթուրին բան կպատահի: Բնական է, սիրող սիրտը միայն սա կարող էր մտածել: Իսկ մի՞թե աղջկա սիրտը սիրում էր նրան. չէ՞ որ նա սկզբում չէր սիրում,հարգում ու իրեն պարտավորված էր զգում Արթուրի հանդեպ: Մի՞թե սերը հենց այսպես է սկսվում` պատահաբար, հանկարծակի:
Երեկո էր:
Լիլիթը պառկեց քնելու, սակայն չկարողացավ: Լաց եղավ ամբողջ գիշեր:
«Խնդրել էի չէ՞, ուզում էի երջանիկ լինել,բայց այդ երջանկությունը 2 օր տևեց, մի՞թե սա է իմ բախտը` տանջվել, տառապել, ողբալ ու փոշմանել: Ես երջանիկ եմ ուզում լինել, ուզում եմ իմանալ, թե դա ինչ է»,- լացակումած աչքերով մտածում էր նա:
Գիշերը երկար տևեց, սարսափելի երկար:
Առավոտյան Լիլիթը արթնացավ` գիտակցելով, որ սա հերթական տխուր օրն է իր կյանքում, ու ծննդյան օրը էլի երջանիկ չէ:
Նրա եղբայրը ծաղիկներ էր նվիրել Լիլիթին` չնայած նրա սխալին: Սակայն ի՜նչ էին այդ ծաղիկները նրա դիմաց, ի՜նչ պետք է տար իրեն Արթուրը` սեր, երջանկություն, անհոգ օրեր ու ծիծաղ:
Ընկերուհիները եկան Լիլիթի մոտ: Պատմելով ողջ եղելությունը` առաջինը Մերին մեղադրեց նրան.
-Պարզ է… Մեղավորներ չփնտրե՛ս, քանի որ միակ մեղավորը դու ես: Պետք էր ավելի շուտ մտածել հետագայի մասին, մինչև Ռուբենը չէր նկատել ձեզ:
Ընկերուհիները փորձում էին մխիթարել` գիտակցելով, որ ինչ էլ անեն, չեն կարողանա սպիացնել վերքը:
Իսկ ի՞նչ եղավ Արթուրի հետ:
Վահեն բնականաբար հանդիպեց նրան և պահանջեց հեռու մնալ քրոջից, ինչը ավելի էր ցավ պատճառում Լիլիթին:
Արթուրը և Լիլիթը բաժանվեցին` առանց իրար հրաժեշտ տալու…
Օրերն անցնում էին: Նույն առօրյան էր Լիլիթի կյանքում:
Երեկոները լաց էր լինում, ցերեկները` ժպտում: Հիշում էր Արթուրին, չէր մոռացել ոչինչ: Անհնար էր նրան մոռանալ:
Եվ մի օր, առաջին անգամ Մերին համարձակվեց Լիլիթին տալ այդ հարցը.
-Լիլի՛թ, սիրու՞մ ես Արթուրին:
-Հա, կյանքիցս էլ շատ,- ասաց նա,- բայց չեմ ների, երբե՛ք:
-Անգամ եթե գա՞,- կասկածանքով հարցրեց Մերին:
-Չի՛ գա,- քմծիծաղ տվեց Լիլիթը:
-Իսկ եթե գա, կներե՞ս:
-Չէ՛:
-Չես կարող ասել, ախր սիրում ես:
-Հետո ի՜նչ:
-Եթե սիրում ես, կներես նաև աններելիին:
Լռեց: Համաձայն էր:
-Արի գնանք զբոսնելու,- առաջակեց Մերին:
-Արի:
Անցավ մեկ օր, երկու, երեք, շաբաթներ, ամիսներ:
Նոր տարի էր:
Լիլիթը դեռ պարզ հիշում էրԱրթուրի խոսքերը. «Համենայնդեպս այս նոր տարին միասին կդիմավորենք»: Հիշում ու սկսում է լաց լինել: Չէ՞ որ դա նրա երազանքն էլ էր:
-Ես կարոտել եմ քեզ…
Լիլիթը տարին դիմավորեց տխուր, թեև ժպիտը անպակաս էր իր դեմքից:
Եվ մի օր, երբ նստած էին Մերիի հետ նստարանին, Արթուրին տեսան:
-Բարև ձեզ:
Լիլիթն ու Մերին իրար նայեցին:
-Բարև,- հեգնական տոնով ասաց Մերին:
Իսկ Լիլիթը լռեց: Երբ գնաց, երկուսն էլ սկսեցին ծիծաղել, չնայած Մերին գիտեր, որ ընկերուհու հոգում փոթորիկ է տիրում:
Անցավ որոշ ժամանակ:
Գարուն էր:
Դաս, ընկերներ, դպրոցական խնդիրներ, ընտանեկան հավաքույթներ:Այսպես էլ ապրում էր Լիլիթը: Իսկ Արթու՞րը: Մի՞թե վերջ, ավարտվեց: Մի՞թե Լիլիթի համար դա մի երազ էր, որն անցավ, մի՞թե վերադարձել էր իրական կյանք: Պատասխանը բնական է` այո: Իսկ Լիլիթը ցանկանու՞մ էր վերադառնալ այդ երազին:
Մի անգամ` Մերիի հետ զրույցի ժամանակ, Լիլիթը փորձեց անկեղծանալ.
-Մերի՛, ես չեմ կարողանում բարձրաձայն արտահայտել այն, ինչ զգում եմ:Սակայն ուզում եմ քեզ մի բան ասել,-հուզված ձայնով ասաց նա:
-Ասա՛, Լիլիթ ջան, ի՞նչ է պատահել:
-Մերի՛, ես ուզում եմ տեսնել Արթուրին, ուզում եմ իմանալ թե ինչու…
-Ի՞նչ: Լիլիթ, դա անհնար է: Դուք խոսելու ոչինչ չունեք:
-Չէ՛, ես ունեմ,- կտրուկ ձայնով ասաց Լիլիթը:
-Ու ի՞նչ:
-Ես ուզում եմ իմանալ, թե նա ինչու ոչինչ չասաց, այդպես գնաց, անգամ փորձ չարեց ինձ հետ խոսել:
-Լիլի՛թ, Վահեն նրա հետ խոսել է. նա չէր կարող գալ: Իսկ եթե եղբայրդ իմանա՞:
-Այնքա՜ն ճանապարհներ կան:Եթե նա ցանկանար ինձ հետ խոսել, կարող էր այնպես անել, որ հանդիպեինք:
-Լիլի՛թ, խնդրում եմ քեզ մի տանջիր, մոռացի՛ր նրան,- ասաց Մերին:
-Չի ստացվում, Մերի՛, չեմ կարողանում ջնջել նրան մտքիցս: Ինչքան էլ փորձեմ, միևնույն է, հայտնվում է ու վերքս բացում,- ասաց Լիլիթն ու ակամա սկսեց լաց լինել:
-Չէ՛, ոչ թե չի ստացվում, այլ` դու չես ուզում: Անընդհատ Արթու՜ր, Արթու՜ր, նա՜, նա՜: Ուղղակի փորձի՛ր դեմ դուրս գալ սրտիդ, ստիպիր քեզ չհիշել նրան ու կտեսնես կլինի:
Այս խոսքերը լսելուց հետո Լիլիթը սկսեց արտասվել:
Մերին գրկեց ընկերուհուն` փորձելով հանգստացնել, սակայն Լիլիթի լացը գնալով դառնում էր ավելի ցավոտ,իսկ ձայնը` վճռական.
-Ես ատում եմ նրան, չեմ ներում: Արժանի չէ նա իմ արցունքներին:
-Իսկ ինչո՞ւ ես լաց լինում,-հարցրեց Մերին:
-Որովհետև գիտեմ, որ միայն ես եմ տանջվում, միայն ես եմ մտածում,իսկ նա՞, ի՞նչ է անում նա, ոչինչ,- ինքն իրեն պատասխանեց Լիլիթը:
Այդ օրը նա պառկեց տխուր ու մոլորված: Ի՞նչ է ուզում այս կյանքից, ո՞րն է իր ապրելու նպատակը:
-Նորից կյանքս անիմաստ է: Վեց ամիս` առանց քեզ, Արթու՛ր: Տեսնես դո՞ւ էլ ես հաշվում ժամանակը,- հարց էր տալիս իրեն ու պատասխանում,- չէ՛, դու նույնիսկ չես էլ հիշում ինձ, չես էլ մտածում իմ մասին:Մտքովդ անգամ չի անցնում, որ լաց եմ լինում:
Մտածմունքներից ակամա աչքերը փակվեցին, ու նա քնեց:
Երազ տեսավ:
Երազի մեջ Արթուրը և Լիլիթը միասին էին: Լիլիթը ժպտում էր,իսկ Արթուրն անընդհատ կրկնում էր.
-Ես քեզ սիրում եմ…
Այդ խոսքերի ժամանակ Լիլիթն արթնացավ:
-Ինչպե՞ս մոռանամ քեզ, եթե երազիս մեջ էլ ես ինձ հետ,- տարակուսեց նա:
Այդ գիշերը հերթականն էր, որը Լիլիթը անցկացրեց անքուն: Իսկ առավոտյան արթնացավ` աչքերը թաց:
-Էլի լաց եմ եղել: Բայց ո՞ւմ համար, ո՞ւմ,- ասելով և իրեն մեղադրելով` հանգնվեց:
Անցան տարիներ:
Լիլիթը արդեն 20 տարեկան էր, սակայն էլի ապրում էր իր մանկական սիրով:
Արթուրն ու Լիլիթը երբեմն տեսնում էին իրար: Անտարբեր անցնում էին իրար կողքով` անցորդների պես իրար նայելով:
Մի անգամ Լիլիթը լսեց, որ Արթուրն ընկերուհի ունի:
-Չէ՛, չե՛մ հավատում: Ո՞նց կարելի է մոռանալ: Ինչպե՞ս է կարողացել, ինչո՞ւ ինձ մոտ չի ստացվում,- հանդիմանում էր ինքն իրեն:
-Բայց, Լիլի՛թ, չէ՞ որ երկար ժամանակ է անցել: Կարծում էիր` պետք է սպասի՞,- առարկեց Մերին:
-Իսկ ես ինչո՞ւ եմ սպասում,- հարցրեց Լիլիթը:
-Որովհետև մինչև հիմա սիրում ես:
Լռություն:
-Մեկ է, անհնար է,- շարունակեց Լիլիթը:
-Ավելի լավ է լսես այն, ինչը ցավ է պատճառում,- փորձում էր ամեն գնով ընկերուհուն համոզել Մերին:
-Իսկ եթե մի օր էլ լսեմ, որ ամուսնանու՞մ է,- տարակուսեց աղջիկը:
-Այդ ժամանակ կդադարես ապրել իր կյանքով,- համոզված ասաց Մերին:
Լիլիթի կյանքում այս տարիների ընթացքում շատերն են եղել, սակայն Լիլիթը երբեք ոչ մեկի կողմը չի նայել, չի կարողացել սիրել: Չնայած միշտ պատճառաբանում էր, թե վախենում է նորից սխալվել: Միայն Մերին էր, որ կարողանում էր լսել Լիլիթի արդարացումները, որոնք ուղղակի խոսքեր էին, սակայն երբեք չէր հավատում:
-Իսկ մի՞թե Արթուրը մոռացել է ինձ: Միգուցե երբեք էլ չի սիրել: Հնարավո՞ր է, որ դեռ սիրում է,- ինքն իրեն հարցեր էր տալիս Լիլիթը, բայց չէր գտնում պատասխաններ,- ես կարոտել եմ քեզ, Արթու՛ր….բայց երբեք չեմ ների:
Հոգին տակնուվրա էր լինում, խեղդվում էր, օր օրի օդը դառնում էր ավելի ծանր: Երբեմն նույնիսկ Լիլիթը ամենից շատ ցանկանում էր մահանալ, բայց ուշքի էր գալիս և ինքն իրեն ասում.
-Ո՞ւմ համար մեռնել, նրա՞, ով առանց ինձ երջանի՞կ է: Երբե՛ք:
Մի օր, երբ ընտանիքով նստած էին հյուրասենյակում, մայրը հարցրեց.
-Լիլի՛թ, չե՞ս մտածում ամուսնանալու մասին:
-Ո՛չ,- կտրուկ ասաց նա:
-Բայց ինչո՞ւ:
-Չե՛մ ուզում և վե՛րջ,- ավելի բարձր տոնով ասաց Լիլիթը:
-Միթե՞ դեռ սիրում ես Արթուրին,- անսպասելի հարցրեց եղբայրը:
Լիլիթին հարցը անակնկալի բերեց:
Լռություն էր:Բոլորը սպասում էին Լիլիթի պատասխանին: Հանկարծ տեղից վեր թռավ և գոռաց.
-Այո՛, այո՛ սիրում եմ, չեմ մոռացել, կարոտում եմ, այո՛,այո՛:
Ասաց ու վազեց իր սենյակ:
-Ուրեմն մոռացի՛ր, դու նրա հետ չես կարող լինել,- բարձր ձայնով ասաց Վահեն:
-Իսկ ես չեմ էլ ուզում, քանի որ չեմ ներում:
Այս դեպքից անցան օրեր:
Մի անգամ,երբ Մերին գնում էր Լիլիթի մոտ, ճանապարհին Արթուրին հանդիպեց.
-Բարև:
-Բարև,- ասաց Մերին:
-Մերի՛, կարող ես օգնել, որ ես Լիլիթին տեսնեմ:
– Այսքան տարի ա՞նց: Կարիք չկա վերքը բացել, Արթու՛ր:
-Խնդրում եմ: Ես դեռ նրան չեմ մոռացել:
-Բայց ես ի՞նչ կարող եմ անել:
-Ուղղակի համոզիր, որ գա իմ և նրա հանդիպման վայրը:
-Կաշխատեմ: Սակայն իմացիր` օգնում եմ, որովհետև գիտեմ, որ անհրաժեշտ է:
-Շնորհակալ եմ:
Մերիին երկար ժամանակ էր հարկավոր, որ Լիլիթը համաձայներ: Վերջապես Լիլիթը զենքերը վայր դրեց, քանի որ ինքն էլ էր գիտակցում, որ անհրաժեշտ է:
Լիլիթը տանից դուրս եկավ և գնաց Արթուրի հետ հանդիպման:
«Վերջապես եկավ սպասված հանդիպման պահը: Տեր Աստված, այսքա՜ն տարի հետո: Սակայն էլի ոչինչ չի փոխվի…»,-ճանապարհին մտածում էր Լիլիթը:
Տեսնելով Արթուրին` մի պահ կանգ առավ, այնուհետև մոտեցավ, և նրանք կանգնեցին դեմ դիմաց:
Լռություն տիրեց, որը խախտեց Արթուրը.
-Բա՛րև:
-Ողջո՜ւյն:
-Ինչպե՞ս ես:
-Գրկի՛ր, կիմանաս:
-Այսի՞նքն…
-Դատարկ եմ, ունայն, մարած, տառապած:
-Ների՛ր, խնդրում եմ:
-Չէ՛, պետք չէ: Հավատա, գույները դեռ չեն խամրել, հավատա՛:
Լիլիթի աչքերն արցունքոտվեցին:
-Մի՛ լացի՛ր, ինձ մի լացացնի,- ասաց Արթուրը:
-Չի՛ ստացվում, այդքան շատ ցավ չի պահվում, չի տեղավորվում:
Մի պահ երկուսի հայացքները սառեցին: Անսպասելիորեն Լիլիթն ասաց.
-Կարոտել եմ… Ժամանակներին, զգացմունքներին, գույներին: Բայց քե՞զ, այսպե՞ս, այսքան օտա՞ր, ո՛չ: Խեղդվում եմ կարոտից, օդի ծանրությունից, սարսափում եմ քեզ չունենալու մտքից:
-Չգիտեմ ինչ ասել, բառերն այրում են լեզուս, բայց քո հայացքը մոխրացնում է դրանք:
-Փորձեցի ուրիշի աչքերի մեջ քեզ սպանել, ուրիշի գրկում կարոտս խեղդել,սակայն չի ստացվում, անիծյալ ցավն ավելի է ուժեղանում:
-Ոչինչ չե՞ս ուզում հարցնել:
-Ո՛չ, ոչինչ,- ասաց ու սկսեց մտածել. «Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ, ինչպե՞ս ես ապրում առանց ինձ: Անգութ, մոռացե՞լ ես ինձ… խանդու՜մ եմ… իմը չես»:
-Ի՞նչ ես մտածում, ինչու՞ չես խոսում:
-Ոչինչ, բան չկա,- տատանվելով ասաց Լիլիթը,- սա էլ կանցնի, կմոռացվի, կմոռացվենք:
-Չեմ ուզում այդպես:
Լիլիթը, մոտեցնելով շուրթերը, շշնջաց Արթուրի ականջին.
-Ես կորչում եմ առանց քեզ…
Այս խոսքերից հետո Լիլիթն ու Արթուրը գրկախառնվեցին, և Արթուրն ասաց.
-Ես քեզ սիրում եմ…
Լիլիթը գտնվում էր երկնքում, ուրիշ աշխարհում:Սակայն սթափվելով իրեն դուրս նետեց Արթուրի գրկից և ասաց.
-Չէ՛, չեմ կարող: Այսքան տարի է անցել, բայց էլի չեմ կարողանում ներել: Ոչինչ չի փոխվել, չնայած կցանկանայի շատ բան փոխվեր: Չե՛մ ներում, Արթու՛ր, սիրտս չի ներում: Գնա՛:
-Լիլիթ, խնդրում եմ, չեմ կարող առանց քեզ, ես քո կարիքն եմ զգում:
-Իսկ ու՞ր էիր, երբ ես էի քո կարիքը զգում, երբ լաց էի լինում… չկայիր: Իսկ հիմա դու ես ուշացել: Մեր ճանապարհները բաժանված են: Մեր միջև կա մի մեծ անդունդ:Այն ավելի է խորացնում ցավը: Սիրում եմ առաջվա պես, բայց ներել չեմ կարող:
Ակամա սկսեց լաց լինել ու վազելով հեռացավ Արթուրից:
Արթուրը սառել էր, ոչինչ չէր հասկանում, ժամանակը կանգ էր առել: Հանկարծ գիտակցելով, թե ինչ ցավ է պատճառել Լիլիթին, սկսեց քայլել, բայց այս անգամ Լիլիթին հակառակ, և երբեք չմոռացավ Լիլիթի խոսքերը.
-Ես կորչում եմ առանց քեզ…
Սպասված հանդիպում, սպասված խոսքեր,ավա՜ղ, անսպասելի հրաժեշտ…
Հեղինակ՝ Ավագյան Մերի